Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Իվետա Տոնոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդգծելով, ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է: 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և ՍՊ-ի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն, կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրեին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության:

«Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,- ասաց Տոնոյանը։

hetq.am