civilnet.am: Ադրբեջանի և Եվրամիության միջև ապագա համաձայնագիրն ունի քաղաքական նշանակալի մաս և հայտարարությունները, թե Բաքուն պնդում է, որ համաձայնագիրը սահմանափակվի տնտեսական ասպեկտներով, չեն համապատասխանում իրականությանը․ ադրբեջանական Turan գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Պատասխանելով Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ Կլաարն ասել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը․ շարունակում են մնալ որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք վերաբերում են առևտրին և այլ հարցերի։

Պնդո՞ւմ է արդյոք Բաքուն, որ համաձայնագրում ամրագրվի իր տարածքային ամբողջականության դրույթը։ Այս հարցին պաշտոնյան չի պատասխանել՝ ասելով, որ պետք է սպասել փաստաթղթի ստորագրմանը։

«Մենք դեռ քննարկում ենք համաձայնագրի տեքստը, ես չէի ցանկանա մեկնաբանել դրա մանրամասները»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը բավական հստակ է խոսում այդ համաձայնագրում իր առաջնահերթությունների մասին։
Կլաարը նաև միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչու է համաձայնագրի ստորագրումն այդքան ձգձգվել։ Նրա խոսքով՝ կամքի դրսևորման դեպքում չկան պատճառներ, թե ինչու փաստաթուղթը կարող է չստորագրվել։

Եվրամիությունն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ նոր համաձայնագրի շուրջ, որի ստորագրումը, ըստ ադրբեջանական ընդդիմության և փորձագետների, ուշանում է այն պատճառով, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է՝ համաձայնագրում անվերապահորեն ճանաչվի իր տարածքային ամբողջականությունը։