Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին
14:03 - 07 մայիսի, 2024

Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։

Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»․

«Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում նախագահում եմ եւ դե յուրե պետք է այնտեղ լինեմ, եւ դա իմ աշխատանքի մասն է, սա էլ է իմ աշխատանքի մասը, ինչպես խոսեցի՝ էս երկխոսության գործընթացը»։  

Խոսելով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ էդ հեռարձակումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, չեմ պատկերացնում, որ ասենք նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որն ասենք նույն բառապաշարով կամ դրա 5 տոկոսի չափով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին, ու հնարավոր լինի դա ՌԴ-ում շարունակի եթեր ունենալ․ բացառված բան ա։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի եւ նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով նաեւ մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք, չորս, հինգ, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթերորդից հետո էլ էդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք ա անջատվեն էդ բոլոր հեռուստաընկերությունները, ՀՀ-ում պետք ա չհեռարձակվեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում է, որ այդ հեռուստատեսությունները, ընդհանրապես որեւէ ռեսուրս, ընդ որում՝ որեւէ երկրի, կարող են ՀՀ-ում շարունակել իրենց հեռարձակումը։

«Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ ա լինելու հաջորդ քայլով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել