Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ
12:26 - 03 մայիսի, 2024

Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ

Արդեն երկու օր է՝ դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։

Այսօր կրկին այստեղ են Բագրատ Սրբազանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը Կիրանցում լարված իրավիճակ է եղել։ Վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի, ավելի ուշ՝ բաց թողել։ 

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, իսկ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Օրվա ընթացքում ոստիկանության ծառայողները փակել էին դեպի գյուղ մուտքերը՝ ներս թողնելով միայն գյուղի բնակիչներին, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և Բագրատ Սրբազանի մուտքն արգելվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել