Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան
13:28 - 05 ապրիլի, 2023

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։

Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։

Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։

Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել