Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու
12:09 - 04 ապրիլի, 2023

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։ 

Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։

Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։

Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։

«Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։

Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։

«Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։

Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․

«2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։

2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։

Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։

ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել