ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կկանգնի դատարանի առաջ
 |azatutyun.am|
13:47 - 04 ապրիլի, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կկանգնի դատարանի առաջ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում այսօր կկանգնի դատարանի առաջ։

Ամերիկայի պատմության մեջ սա առաջին անգամն է, երբ նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվում քրեական հանցագործության կասկածանքով։

ԱՄՆ-ի 45-րդ նախագահին առաջադրված մեղադրանքն առնչվում է 2016 թվականին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 30 հազար դոլար վճարելուն՝ Թրամփի հետ սեքսուալ հարաբերության մասին լռելու համար: Մանհեթենի շրջանային դատախազը գտնում է, որ Թրամփը խախտել է ընտրական օրենսդրությունը՝ վճարման համար օգտագործելով ընտրական հիմնադրամի գումարները։

Դոնալդ Թրամփը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում, քանի որ 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի։

Թրամփին ձերբակալություն չի սպառնում, բայց դատարանում բոլոր ստանդարտ ընթացակարգերը պահպանվելու են՝ պարզելու են ինքնությունը, վերցնելու են մատնահետքերը, լուսանկարելու են, բարձրաձայն ընթերցվելու է մեղադրանքը, ինչից հետո դատավորը նախկին նախագահին հարցնելու է, թե արդյոք իրեն մեղավոր է ճանաչում։ Ակնկալվում է նրա բացասական պատասխանը։ Այնուհետև դատավորը նշանակելու է լսումների հաջորդ նիստի օրը։ Նիստերի դահլիճում մի շարք լրատվամիջոցների լուսանկարիչներ են լինելու, տեսանկարահանումն արգելված է։

Նյու Յորքում անվտանգային միջոցներն ուժեղացվել են, ակնկալվում է Թրամփի աջակիցների հանրահավաք։ Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ այսօր երեկոյան Նյու Յորքում ելույթ կունենա իր աջակիցների առջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել