«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին
11:39 - 31 մարտի, 2023

«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

«Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում:

Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:

Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր:

Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի:

Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում:

ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ:

Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել