Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|
19:31 - 20 մարտի, 2023

Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկու երկրի արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին, ինչպես նաև քննարկվել է իրականացման ընթացքը, մատնանշվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունների որոշ դրույթների չկատարման փաստը։

«Հարգելի՛ գործընկերներ, իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակի, և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եռակողմ հայտարարությունների շրջանակներում ուղղակի պարտավորությունների կոպտագույն խախտում է։

Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ բոլոր ներգրավված կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր՝ խստորեն կատարելու իրենց պարտավորությունները և վերականգնելու Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին խստորեն համապատասխան»։

Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին, Միրզոյանը շեշտել է․

«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեման։ Արձանագրեցինք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ 

Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Գոհունակությամբ նշեցինք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանն է միտված միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ ստորագրված երկամյա ծրագիրը։

Անդրադարձ կատարվեց մեր փոխգործակցությանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ բավարարված ենք միջպետական փոխգործակցության զարգացման դրական դինամիկայով»։

Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ պատրաստ են այսուհետ ևս ջանքեր գործադրել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել