RElection [#28] Հանձնաժողովի որոշ անդամներ և նախագահներ դիտորդին դիտարկում են ոչ թե որպես գործընկերոջ, այլ որպես պրովոկատորի. Սուսաննա Մատինյան
18:55 - 20 նոյեմբերի, 2019

RElection [#28] Հանձնաժողովի որոշ անդամներ և նախագահներ դիտորդին դիտարկում են ոչ թե որպես գործընկերոջ, այլ որպես պրովոկատորի. Սուսաննա Մատինյան

RElection նախագծի շրջանակում դիտորդական առաքելությունների և դրանց վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդ Սուսաննա Մատինյանի հետ ։

- Դուք երկար ժամանակ զբաղվել եք դիտորդական առաքելությամբ։ Այդ գործունեության ընթացքում ի՞նչ խնդիրների եք բախվել Դուք կամ ձեր գործընկերները, որոնք, կարծում եք, չէին լինի, եթե օրենսդրական կարգավորումներն ավելի լավը լինեին։

 

- Երևի անդրադառնանք օգնողի ինստիտուտի կայացման հարցին: Նման բառակապակցություն, իհարկե, չկա, բայց ես դա նշում եմ, քանի որ մեր ընտրական գործընթացներում ավելի շատ նկատվում է  օգնողների մեծ թիվ։ Այստեղ օգնողների քանակը որքան մեծ է, այնքան ավելի քիչ է իրացվում ընտրողի իրավունքը՝ ազատ կամքի դրսևորումը։ Քանի որ բազմիցս նկատում ենք, երբ ընտրողը գալիս է օգնողի հետ և իր փոխարեն ընտրություն իրականացնում է իր հետ եկած անձը՝ օգնողը։ Մենք մեր իրականության մեջ ավելի շատ ունենք օգնողի ինստիտուտի կայացում, քան յուրաքնաչյուր ընտրողի ընտրական իրավունքի իրացման կայացում։ Հիմնականում հենց ընտրատեղամասերում կարևորագույն խնդիրներից մեկը հենց սա է, երբ խախտվում է ընտրողի իրավունքը։

-Արդյո՞ք կարծում եք, որ անհրաժեշտություն կա օրենքով մեծացնելու դիտորդների լիազորությունները։ Եթե այո, ինչպե՞ս։

- Ես ավելի շատ կնշեմ, որ ոչ թե անհրաժեշտ է մեծացնել դիտորդների լիազորությունները, այլ համապատասխան անձանց, այսինքն՝ ընտրատեղամասում գործողություն ծավալող, գործող անձանց հարաբերությունների մեջ հստակեցում սահմանելը։ Քանի որ հանձնաժողովի որոշ անդամներ և հենց հանձնաժողովի նախագահը դիտորդին դիտարկում են ոչ որպես գործընկերոջ, այլ թշնամու, այսինքն՝ պրովոկատորի։ Դիտորդները եկել են, որպեսզի խաթարեն իրենց աշխատանքը, շեղեն իրենց բուն նպատակից։ Այնինչ պետք է դիտորդի գործառույթը չխառնել այլ գործառույթների հետ, այլ, ընդհակառակը, աջակցել, որպեսզի ամեն մեկը կատարի իր աշխատանքը պատշաճ կերպով։ Այսինքն, լիազորությունների առումով կան հստակ սահմանված դիտորդի իրավունքներ և պարտականություններ, և դիտորդը նախապես պատրաստվում է, մինչև ընտրատեղամաս հասնելը քաջ գիտակցում է իր իրավունքները և պարտականությունները: Այլ հարց է, թե հանձնաժողովի անդաները և նախագահը ինչպես են վերաբերվում դիտորդին  հենց ընտրատեղամասում։

-Այս պարագայում հանձնաժողովի կազմի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ Եվ նաև մթնոլորտի փոփոխության համար ի՞նչ գործընթացներ են պետք։

-Շատ կարևոր կետի եմ ուզում անդրադառնալ, թե ինչպես են կուսակցությունները իրականացնում քննությունների կարգը, դրանից հետո հավատարմագրում և իրենց ցանկացած մարդուն են նշանակում որևէ ընտրատեղամասում:  Այդ քննության պրոցեսները ընթանում են մեկը մեկից վատ, արտագրելով, սխալներով և այլն։ 2017 թվականի ընտրություններին ես ակնատես եմ եղել, թե ինչպես է ընթանում այդ քննության պրոցեսը, ու շատ հանձնաժողովի անդամներ այդ քննությունը «հանձնած» անցնում են և գնում են ընտրատեղամասեր: Խնդիրն այն է, որ այդ քննություններից է կախված ամբողջ պրոցեսը, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասում։

Շատ լավ կլիներ, եթե լինեին դասընթացներ և հստակ վերապատրաստումներ: Երբ մենք ասում ենք դասընթացներ, խոսքը ուղղակի «պտիչայի» մասին չէ, այլ հստակ դասընթացների և հստակ գիտելիքների։ Պետք է հանձնաժողովի անդամները պատրաստված մտնեն ընտրատեղամաս, ինչպես դիտորդներն են: Շատ լավ կլիներ,որ պատրաստված լինեին նաև հանձնաժողովի անդամները, քարտուղարը և նախագահը։ Հատկանշական է, որ այս անպատրաստ լինելը կա նաև հանձնաժողովի նախագահի մոտ։ Ընտրական բուն պրոցեսի ընթացքում նկատվում է նաև, որ քարտուղարը շատ ավելի լավ գիտելիքներ ունի, իրավիճակին շատ արագ է տիրապետում, կարողանում է խախտումներն արագ վերացնել և համապատասխան գրառումներով, համապատասխան ուղորդումներով շտկել ամեն ինչ, իսկ նախագահը կարող է խուճապի մատնվել և հարցնել քարտուղարին, թե որը պետք է լինի իր հաջորդ քայլը, կլինի՞ քարտուղարը  զանգի ԿԸՀ, որպեսզի այդ հարցերը կարգավորի։ Այսինքն, մենք երբեմն նկատում ենք, որ քարտուղարները շատ ավելի պատրաստված են լինում, քան նախագահները, բայց գիտենք նաև, որ այստեղ կա ֆինանսական տարբերություն, և նախագահները հիմնականում լինում են ավելի բարձր պաշտոնով, հասարակության մեջ որևէ դեր ունեցող մարդիկ։ Քարտուղարներն էլ ուղղակի ուզում են սատարել նախագահին, որպեսզի ողջ պրոցեսը ընթանա պատշաճ կերպով, քանի որ, եթե մեկ խնդիր եղավ, ամբողջ հանձնաժողովի և նախագահի ուսերին է մնալու։

- Նշեցիք, որ հանձնաժողովի կողմից վատ վերաբերմունք է դրսևորվել: Ի՞նչ քայլերով են դրանք արտահայտվել, ինչպե՞ս եք զգացել, որ դիտորդների հանդեպ բացասական են տրամադրված։

- Երբ մտնում ես ընտրատեղամաս, առաջին գործընթացը, որն իրականացում են, աշխատանքների բաշխումն է այբենական կարգով, հստակ ժամերով, դրանից հետո վիճակահանության փուլն է։ Հաճախ, հենց վիճակահանության փուլից են սկսվում իրավախախտումները: Երբ դիտորդը խոսում է այդ մասին, որ կարգը խախտվեց, այդտեղից էլ սկսվում է ամբողջ լարվածությունը:

Վերջին դեպքերից մեկը կուզեմ նշել , որ հենց նման խնդիր եղավ. ես նախագահին տեղեկացրի, որ պատշաճ կերպով չի իրականացվում, ըստ ամրագրված կետերի, սկսեց ինձ «իմ տեղը» ցույց տալ, ասաց՝ գնա՛, նստի՛ր տեղդ ու չխառնվես։ Ես նշեցի, որ դիտորդը ազատ տեղաշարժվելու իրավունք ունի և ոչ ոք չի կարող ասել, որ դա իմ տեղն է և ինձ համար առանձնացված հատված է։ Հանձնաժողովի նախագահը փորձեց ինձ վիրավորել, ասաց՝ ես այստեղ պայուսակ ունեմ, որի մեջ թանկարժեք իրեր ունեմ, եթե հանկարծ դրանց մեկը պակասեց, ինձնից չնեղանաս։ Վիրավորանքը այն էր, որ, այսինքն, ես պետք է գողություն կատարեի իր պայուսակից։ Այդպես, լարվածությունը մինչև վերջ շարունակվեց։

- Վերջին տարիների մի շարք ընտրություններ բացահայտեցին, որ դիտորդական առաքելությունները հաճախ լուրջ չեն ընկալվում որպես հանրային վերահսկողության գործիք: Հաճախ ձևավորվում են պատվեր կատարող կամ, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելություններ, որոնք քաղաքական որևէ կողմի շահեր են սպասարկում։ Ըստ Ձեզ՝ սրա դեմ ինչպե՞ս կարելի է պայքարել։

- Այո, խնդիրը շատ ակտուալ է, և մենք հեղափոխությունից հետո էլ ընտրություններում տեսնում ենք չհավատարմագրված դիտորդների, ովքեր հենց այնպես ներկա են լինում, բայց դիտորդների աջալրջությամբ խնդրի ակնառու լինելու դեպքում փորձում ենք պարզել և տեղեկացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ այսինչ ընտրատեղամասում կա չհավատարմագրված անձ, դրանից հետո հանձնաժողովի նախագահի հետ միասին այդ անձը դուրս է հրավիրվում ընտրատեղամասից։

Այս խնդրի շտկման հետ կապված, շատ լավ կլինի, եթե նույն կերպ աշխատեն նաև հանձնաժողովի նախագահը, քարտուղարը՝ մինչև լրացումներ կատարելը։ Այսինքն, երբ դիտորդը մտնում է ընտրատեղամաս, նախ գրանցվում է անձը հաստատող փաստաթղթով, հավատարմագրման թերթիկով: Պետք է իրենք տեղում հստակեցնեն՝ հավատարմագրվա՞ծ է այդ անձը, թե՞ ոչ, իմանան նաև հավատարմագրված կազմակերպություններին և այդպես լուծեն խնդիրը։


Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին։

Սուսաննա Մատինյանի հարցը.

«Եթե վաղը Դուք նշանակվեիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագհ, ի՞նչ բարեփոխումներ կանեիք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել