RElection [#29] Դիտորդների լիազորությունները օրենքով շատ քիչ են, դիտորդը ոչինչ չի կարողանում պահանջել. Ռուբեն Ամատունի
08:40 - 22 նոյեմբերի, 2019

RElection [#29] Դիտորդների լիազորությունները օրենքով շատ քիչ են, դիտորդը ոչինչ չի կարողանում պահանջել. Ռուբեն Ամատունի

RElection նախագծի շրջանակում դիտորդական առաքելությունների և դրանց վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդ Ռուբեն Ամատունու հետ ։


- Դուք երկար տարիներ զբաղվել եք դիտորդական առաքելությամբ։ Այդ գործունեության ընթացքում ի՞նչ խնդիրների եք բախվել որոնք, կարծում եք, չէին լինի, եթե օրենսդրական կարգավորումներն ավելի լավը լինեին:

 

- Կան շատ մանր մասնագիտական հարցեր հանձնաժոովների կազմակերպման, ուսուցման, ինչպես նաև նրանց գործառույթների կազմակերպման մեջ, դա անվերջանալի ցանկ է: Շատ մանր, միկրոմանր խնդիրներ են մնացել այդ ողջ համակարգի մեջ: Բայց քանի որ ես արդեն երկու տարի է մասնակցում եմ տարբեր ընտրությունների որպես դիտորդ, նկատում եմ, որ գնալով ընտրական գործընթացը կատարելագործվում է: Կատարելագործվում են նրանց ձեռնարկները, արկղերի վրայի կնիքները, տեղափոխման ձևը, ոստիկանության ուժեղացված պահակախումբը, այն, որ նրանք աշխատում են խախտումներ թույլ չտալ: Ես նկատում եմ, որ աստիճանաբար ընտրությունները դառնում են ավելի կանոնակարգված, ընթանում են ըստ օրենքի:

- Դիտորդներից շատերն այն կարծիքի են, որ հանձնաժողովի ներսում կա բացասական վերաբերմունք իրենց նկատմամբ: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը:

- Ասեմ, որ ես եղել եմ և՛ տեղամասային, և՛ տարածքային, և՛ շրջիկ դիտորդ ու շրջիկ դիտորդություն իրականացնելու ժամանակ, տասը-տասնմեկ ընտրատեղամասեր այցելելով, ականատես եմ եղել տարբեր վերաբերմունքների թե՛ իմ և թե՛ այնտեղ գտնվող դիտորդների հանդեպ: Դա արդեն կախված է միջանձնային հարաբերություններից և ոչ թե միայն հանձնաժողովից: Հանձնաժողովների ութսուն տոկոսը դիտորդից զգուշանում է, դիտորդից վախենում: Դիտորդի ներկայությունը նրանց զսպում է կատարել նույնիսկ ամենաչնչին խախտում: Օրինակ, նրանք կարող են խախտել իրենց հերթականությունը, թե նրանցից ով պետք է գրացամատյանը լրացնի, ով պետք է նստի արկղի մոտ և այլն: Նրանք շատ ժամանակ, դիտորդի ներկայությունից ելնելով, նույնիսկ դա չեն խախտում, այսինքն՝ պարտաճանաչորեն փոխում են իրենց տեղերը՝ ռոտացիոն կարգով: Ինչ վերաբերում է այդ կարծիքին, որ դիտորդների մեծ մասին վերաբերվում են որպես իրենց թշնամու կամ խանգարողի, այդպիսի բան, կարծում եմ, չկա: Դա միջանձնյա հարաբերությունների խնդիր է, որ իրար չեն հասկանում:

- Արդյո՞ք կարծում եք, որ անհրաժեշտություն կա օրենքով մեծացնելու դիտորդների լիազորությունները։ Եթե այո, ինչպիսի՞ ընթացակարգով:

- Իմ կարծիքով, դիտորդների լիազորությունները օրենքով շատ քիչ են այս պահի դրությամբ: Դիտորդը ոչ մի բան չի կարողանում պահանջել, մեծ դժվարությամբ կարողանում ենք միայն, ըստ օրենքի կարգի, պահանջել, որ նրանք գրանցամատյանում կատարեն գրառումներ խախտումների վերաբերյալ: Այդ առումով, պետք է ավելի խորացնել, որպեսզի դիտորդի զեկույցը կարողանան քննարկել նաև Կենտրոնական ընտրական հանձնաողովում: Այսինքն՝ դիտորդի կարծիքը և գրառումները՝ տվյալ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, վերանայվեն նաև այնտեղ, այլ ոչ թե միայն կազմակերպության կամ դաշինքի շրջանակներում կամ տարեկան զեկուցի մեջ: Ընդհանրապես, դիտորդի առաքելության շրջանակներում կարելի է լիազորությունները  մի քիչ մեծացնել, որ նա կարողանա ինչ-որ կոնկրետ նշումներ ներկայացնել, ու հանձնաժողովը չկարողանա դա մերժել:

-Վերջին տարիների մի շարք ընտրություններ բացահայտեցին, որ դիտորդական առաքելությունները հաճախ լուրջ չեն ընկալվում որպես հանրային վերահսկողության գործիք: Հաճախ ձևավորվում են պատվեր կատարող դիտորդական առաքելություններ, որոնք քաղաքական որևէ կողմի շահեր են սպասարկում։ Ըստ Ձեզ՝ սրա դեմ ինչպե՞ս կարելի է պայքարել։

- Անձամբ ես, երբ դիտորդություն եմ կատարում, դիտորդության ընթացքում հայտնվում են ինչ-որ նորաստեղծ, հանրությանը ոչ հայտնի, ընտրություններից մեկ կամ մի քանի ամիս առաջ ստեղծված հասարակական կազմակերպությունների կամ դաշինքների դիտորդներ: Իրենք ստեղծվում են Ձեր նշած նպատակներով: Կան ստաժավոր, հին դիտորդական կազմակերպություններ, օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հելսինկյանը», «Անկախ դիտորդ դաշինքը». իրենց դիտորդները հաստատ օրենքի տառին համաձայն հսկում ու հետևում են: Դիտորդի նպատակային և ոչ նպատակային լինելը երևում է նրան ներկայացնող հասարակական կազմակերպության անունից, թե երբ է այն ստեղծվել: Եթե այն ստեղծվել է ընտրություններից մեկ ամիս կամ մի քանի օր առաջ, ապա այն ստեղծվել է ընտրությունները կեղծելու, խանգարելու համար:

- Շատ է խոսվում այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները միակ լեգիտիմ ընտրություններն էին: Համաձայն ե՞ք այս կարծիքի հետ: Ընտրական գործընթացներում ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո:

- Նաև Երևանի քաղաքապետի ընտրություններն էին լեգիտիմ, ես ներկա եմ եղել այդ ընտրությանը և զարմացած էի, որովհետև ուղղորդում ընդհանրապես չկար, նախընտրական շտաբները գումար չէին կարողանում բաժանել, քանի որ եղել էին նաև օրենսդրական փոփոխություններ, և նման արարքները ենթարկվում էին քրեական պատասխանատվության: Այդ ամեն ինչի արդյունքում ես իմ կայնքի մեջ առաջին անգամ տեսա թափանցիկ, լեգիտիմ ընտրություններ:

- Ընտրատեղամասերում քվեարկության ողջ գործընթացի հետ կապված ի՞նչ հիմնական խնդիրներ եք արձանագրել, որոնց դեմ պետք է պայքարել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ։

- Առաջին հերթին կահավորումը. քանի որ ընտրատեղամասերը հիմնականում լինում են դպրոցներում, մանկապարտեզներում և այլ նմանատիպ շենքերում, ըստ իրենց ցանկության, մոտավորապես ԿԸՀ-ի կողմից հաստատված ընթացակարգին մոտ, կարողանում են իրենց ուզած ձրով դասավորել այդ ամեն ինչը: Այնսինքն՝ իրենք են որոշում ընտրության ընթացքը, և այդտեղ առաջանում են մանր-մունր խնդիրներ: Շատ դեպքերում տուփերի հետևում դռներ կամ լուսամուտներ են հայտնվում, և մենք՝ դիտորդներս, ստիպում ենք, որ դրանք փակվեն և տեղափոխվեն:

Կա այսպիսի մի դրույթ, որ ընտրատեղամասից հիսուն մետր շառավղով կարող են լինել մարդկային կուտակումներ, ագիտացիա, բայց դա չի կարող ընդունվել որպես խախտում: Ինչո՞ւ, ո՞վ է սահմանել, որ հիսուն մետրից այս կողմ չի կարելի հավաքվել, ո՞վ է չափում դա: Դա միշտ դառնում է կռվախնձոր: Ես տեսնում եմ, որ ինչ-որ մարդկանց խումբ է հավաքվել, ովքեր ուղղորդում են ընտրողներին, բայց, երբ ես դիմում եմ հանձնաժողովի նախագահին, ասում, որ այդ մարդիկ մոտ են ընտրատեղամասին, նա էլ դիմում է ոստիկաններին, ասում է՝ գնա ցրի՛ր, ոստիկանն ասում է՝ հիսուն մետրից այն կողմ են: Սա միշտ կռվախնձոր է, և այդտեղից են սկսվում օրինախախտումները:

Խնդիր է նաև ընտրատեղամասերի կահավորումը, պայմանները, որ հաշմանդամություն և հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան գալ ընտրատեղմաս, բացակայում է: Շատ քիչ ընտրատեղամասերում են լինում ոսպնյակներ՝ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար, բացակայում են կույրերի համար նախատեսված հատուկ միջոցները ընթերցելու համար: Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին մենք զեկուցում ենք, սակայն առայժմ անարդյունք:

Եվս մեկ խնդրի եմ ուզում անդրադառնալ. դա ընտրողների հաշվառման ցուցակն է, որը պետք է պահվի խիստ գաղտնի: Ընտրությունների ընթացքում ես բազմիցս նկատել եմ և խանգարել եմ, երբ վստահված անձինք հանձնաժողովի անդամից խնդրել են թերթել այդ ցուցակը, նկարել են, ուղարկել շտաբ, և այդտեղ ստուգվում է , թե ով է եկել, ով՝ ոչ: Օրինակ, ով է իրենցից գումար վերցրել և չի եկել ընտրության և այլն: Այդ ցուցակը պետք է գաղտնի պահվի կամ դրա մոտ աշխատելու ընթացքում պետք է մարդկանց ձեռքին հեռախոսներ չլինեն, որ նման դեպքերից խուսափենք:

- Մեր նախորդ զրուցակիցը, որը նույնպես դիտորդ է, խոսեց «օգնողի ինստիտուտի» մասին, երբ ընտրողի հետ քվեատուփի մոտ է գնում նաև օտար մարդ, որը կարող է ընտրությունը կատարել իր իսկ ցանկությամբ: Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս կա նման խնդիր:

- Դա այն ցավոտ խնդիրներից մեկն է, երբ պատահական մարդը հայտարարում է՝ ես կարող եմ իրեն օգնել: Լինում են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ ունեցող մարդը շատ հաճախ կարող է նույնիսկ չհասկանալ, թե ինչ կատարվեց: Լինում են տարեց մարդիկ, որոնց նույնսիկ ստիպողաբար կարող են բերել ընտրատեղամաս: Այս խնդրի լուծումը ես դեռ չեմ կարողանում գտնել. ո՞ւմ վստահենք: Կոնկրետ մա՞րդ լինի, ով պետք է օգնի բոլորին: Բայց այս պարագայում էլ ապահովագրված չենք, որ այդ մարդուն չեն կաշառի: Միգուցե այդ մարդկանց դեպքում բացառություն արվի, և հանձնաժողովի նախագահի, դիտորդների ներկայությամբ բարձրաձայն ասեն, թե ում են ուզում ընտրել, և կատարվի ընտրությունը: Իրենց պարագայում լինի այս բացառությունը:

Ըստ RElection-ի ձևաչափի յուրաքանչյուր հարցազրույցի մասնակից կարող է իր հարցն ուղղել հաջորդ մասնակցին: Մեր նախորդ զրուցակից Սուսաննա Մատինյանի հարցը Ձեզ հետևյալն է.

«Եթե լինիք ԿԸՀ նախագահ ի՞նչ բարեփոխումներ կանեիք»:

- Առաջինը այնպես կանեի, որ ընտրատղամասերը կահավորված լինեին ոսպնյակներով, հատուկ կաղապարով՝ կույրերի համար, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լինեն թեքահարթակներ: Ոստիկանները պարտադիր լինեն մեկից ավելի ու հսկեն, որ հսկեն, որ հարյուր-երկու հարյուր մետրից այս կողմ կուտակումներ չլինեն, եթե կան, ապա պետք է ցրվեն, անհրաժշտության դեպքում ոստիկանը կարողանա զանգել մոտակա բաժին, և այնտեղից գան ավելի մեծ քանակի ոստիկաններ:

Արդեն ներկայացրի օգնողի վերաբերյալ իմ առաջարկությունը, որ օգնողի կարիք ունեցող մարդիկ հնարավորություն ունենան բանավոր ընտրություն կատարելու: Կփորձեի ավելի հմուտ անձնակազմ ձեռք բերել, որ հանձնաժողովի անդամները լինեն հնարավորինս ավելի տեղյակ և ավելի լավ իմանան իրենց իրավունքները և պարտականությունները: Միշտ շատ ավելի լավ պատրաստված են լինում հանձնաժողովի քրտուղարները, իսկ նախագահները ոչնչից տեղյակ չեն լինում: Նախագաների փոխարեն ամեն ինչ անում են քարտուղարները. ինչո՞ւ պետք է այդպես լինի:

Ռուբեն Ամատունու հարցը՝ հաջորդ բանախոսին.

«Կուզենայի անդրադառնալ վստահված անձանց ինստիտուտին, քանի որ այդտեղ նույնպես կան խնդիրներ: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը, որ վստահված անձիք նույնպես անցնեն հատուկ պատրաստվածություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել