Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
11:59 - 24 փետրվարի, 2023

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 24-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

Նշենք, որ Տոյվո Կլաարը ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային նոր այց է սկսել՝ Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: 

Հիշեցնենք նաև, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել