Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից
15:16 - 20 փետրվարի, 2023

Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը` Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման միջոցով ԵՄ առաքելությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդելու վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտության հետևանքով տուժած շրջաններում, ապահովելու նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, որոնց աջակցում է ԵՄ-ն։

Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում կլինի 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել