Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ
17:51 - 13 փետրվարի, 2023

Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները:

Առաջարկներ են ներկայացվել բյուջետային միջոցների առավել արդյունավետ ծախսման և շահառուների համար մրցակցային գներով աջակցող միջոց ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները:

Նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը:

Բարձրացված խնդիրներ

Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։
Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:
Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:

Հանձնաժողովի մշակած առաջարկներ

Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ: Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:

Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել