2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ
 |armenpress.am|
17:16 - 13 փետրվարի, 2023

2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ |armenpress.am|

armenpress.am: Հայրենադարձության տեմպերը վերջին տարիներին նկատելի աճում են: 2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ սա 1991 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է: 2018-2021 թվականներին Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել շուրջ 40 հազար հայ:

«Իհարկե, քաղաքացիություն ստանալը դեռ հայրենադարձություն չէ, սակայն գործընթացը սկսվում է հենց դրանից: Դա առաջին և խոշոր քայլն է: Փորձը ցույց է տալիս, որ նրանց զգալի մասը վերադառնում է Հայաստան: Հայրենադարձությունն այլընտրանք չունի պետության զարգացման համար»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

ՀՀ քաղաքացիության համար դիմողներից, հայրենդարձներից շատերը ՌԴ-ից են, Սիրիայից, Լիբանանից և այլն: Նրա խոսքով՝ հայրենադարձները նոր մշակույթ են բերում իրենց հետ՝ կրթական, աշխատանքային: Շատերը բացում են բիզնեսներ, իրենց գործընկերներին են բերում: Գալիս են մասնագետներ, որոնք ներկայացնում են ծառայությունների ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարներ, բժիշկներ, իրավաբաններ:

«Ցանկանում ենք նաև այս հարցը չքաղաքականացնել: Հաճախ նշվում է, որ դա պայմանավորված է պատերազմական գործողություններով: Ասեմ, որ հայրենադարձության լավագույն փորձ ունեցող երկրները միշտ փորձում են օգտագործել ճգնաժամային իրավիճակները, որոնք թույլ են տալիս ակտիվորեն խթանել հայրենադարձությունը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Խոսելով հայրենադարձների խնդիրների մասին՝ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ շրջանակը լայն է՝ երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորել, բնակարանային, անձնական բեռները տեղափոխելու հարց և այլն: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը այդ հարցերում գործակցում է պետական բոլոր օղակների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել