Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Բրայան Մեյ
 |armenpress.am|
11:11 - 09 փետրվարի, 2023

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Բրայան Մեյ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը:

«Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը», - գրել է կանադացի պատգամավորը։

Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով:

«Ես խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, պահպանել խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները և հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը», - եզրափակել է Մեյը:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 76 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել