Ըստ Փաշինյանի՝ Ալիևի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն
17:17 - 18 հունվարի, 2023

Ըստ Փաշինյանի՝ Ալիևի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն

Կարծում եմ՝ մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը Լաչինի իրավիճակի նկատմամբ մեծանում է։ Այս մասին խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին ասուլիսին հնչեցրած մտքերին՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ «Եվ այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրագայի մեր պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրիստորագրման և այդ հայտարարությունները, ըստ էության, հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասում է՝ միջազգային հանրության ընկալումը կարծես թե մեծանում է, որովհետև մարդկանց համար համար ակնհայտ է դառնում, որ և Լաչինի միջանցքի մասով, և այդ հայտարարությունները ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները․ «Այսինքն՝ էս իրավիճակներն են, որ կարծում եմ, պետք է մեծացնեն միջազգային հանրության ընկալումը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհներով լուծումների գնալն է, և ինչպես մենք ստանձնել ենք այդ պատավորությունը, մենք պատրաստ ենք նաև շարունակել»։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար․ «Հարց․ իսկ ով ասաց, որ դա չի Ադրբեջանի ուզածը, հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով և հնարավոր ռեակցիաներ էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնի խաղաղության գործընթացը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել