Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից. Գեղամ Ստեփանյան
12:41 - 12 հունվարի, 2023

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից. Գեղամ Ստեփանյան

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել