Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը․ Ֆրանկ Փալոնեն՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին 
 |factor.am|
11:34 - 12 հունվարի, 2023

Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը․ Ֆրանկ Փալոնեն՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  արգելափակմանը՝ հայտարարելով, որ Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։

«Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Հստակ ապացույցներ կան, որ դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով կարևոր սննդամթերքի և բժշկական պարագաների հասանելիությունը խաղաղ բնակիչներին»,- գրել է նա՝ կիսվելով հունվարի 10-ին Ալիևի արած հայտարարությունների մասին հոդվածով։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել