Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից
 |armenpress.am|
12:00 - 11 հունվարի, 2023

Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ: 

«Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել