Ալիևը պնդում է, որ Հայաստանը փորձում է Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ
20:04 - 10 հունվարի, 2023

Ալիևը պնդում է, որ Հայաստանը փորձում է Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ

«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը բավարար ուժ ունի միայնակ պատասխանատվություն վերցնելու ու գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական սփյուռքը կարող է խանգարել ՀՀ իշխանություններին վերոնշյալ հարցում։

Նա նշել է, թե ինքը հենց սկզբում էլ ասել է, որ խաղաղության պայմանագիրը սովորական փաստաթուղթ է, որն արտացոլում է բոլոր հիմնական սկզբունքները. «Ու խոսք չի կարող այնտեղ լինել մեր ներքին խնդիրների մասին, ու այն ամենի, ինչ կապված է Ղարաբաղի հետ»։

Ալիեւը հիշեցրել է Պրահայի ու Սոչիի հայտարարությունները, եւ որ «հայկական կողմն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իմքնիշխանությունը». «Բայց ասելով A՝ նրանք (հայկական կողմը՝ խմբ.) չեն ցանկանում ասել B։ Նրանք փորձում են Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ, ինչով էլ արգելափակում են այն (պայմանագրի կնքումը՝ խմբ.)»։

Ալիեւի խոսքով՝ «անթույլատրելի է» ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ համդիպման մասնակցության չեղարկումը։ Ըստ նրա՝ սահմանային ավելի վատ իրադրություններ են եղել, բայց հանդիպումները չեն չեղարկվել։

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը ոչ թե ճէ չեղարկել է ԱԳ նախարարի այցը, այլ խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել