Ալիեւը քաջալերանքի խոսքեր է հղել Արցախը 30 օր շրջափակման մեջ պահող ցուցարարներին ու կրկին պնդել, թե միջանցքը բաց է
19:06 - 10 հունվարի, 2023

Ալիեւը քաջալերանքի խոսքեր է հղել Արցախը 30 օր շրջափակման մեջ պահող ցուցարարներին ու կրկին պնդել, թե միջանցքը բաց է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին պնդեց, թե Լաչինի միջանցքը բաց է։

Նրա խոսքով՝ միջանցքով մեկ ամսվա ընթացքում ռուս խաղաղապահների բեռնատար մեքենաներ են անցել, Կարմիր խաչի մեքենաներ են անցել։

Ալիեւը, խոսելով միջանցքում ադրբեջանական կողմի վերահսկողության մասին, ասաց, թե «այնպես չէ, որ իրենք նոր են վերահսկում միջանցքը»։ Նա պնդեց, որ ճանապարհով իրանական մեքենաներ էլ անցել, որոնց մի մասն, Ալիեւի պնդմամբ, ունեցել է հայկական պետհամարանիշ։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշեց, թե հայկական կողմը բլոակադայի մասին, իր պնդմամբ, «կեղծ» հայտարարություններ է անում եւ ուղղում դրանք միջազգային հանրությանը, ու ասաց, թե «Արցախում բլոկադա չկա»։

«Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով, ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»,- ասաց նա։

Ալիեւը նաեւ ողջունեց ու քաջալերանքի խոսքեր հղեց արդեն 30 օր Լաչինի միջանցքը փակած «երիտասարդ բնապահպաններին»՝ ասելով, թե «նրանք պայքարում են իրեն իրավունքների համար», եւ որ «իրենց պահանջներն արդարացի են»։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել