Հաջորդ շաբաթների ընթացքում  կտրուկ ակտիվացում կզգաք․ Սինանյանը անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ
14:13 - 05 հունվարի, 2023

Հաջորդ շաբաթների ընթացքում կտրուկ ակտիվացում կզգաք․ Սինանյանը անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։

«Տարբեր քայլերի են դիմում։ Գիտեմ, որ հանրությունը սպասում էր ավելի բուռն արձագանքի, ինչպիսին կար պատերազմի ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը ավելի մեղմ է»։ 

Զարեհ Սինանյանն ասաց, որ դա կապված է շատ գործոնների հետ․ կա ապատիա, ինքնակազմակերպման խնդիրներ։ Նրա խոսքով, սակայն, հաջորդ շաբաթների ընթացքում սփյուռքում կտրուկ ակտիվություն կզգացվի․

«Երեկ Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա էր տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքապետը հստակ հայտարարություն արեց և խոստացավ միանալ նաև ավելի լայն աշխատանքների շրջանակին, որպեսզի Միացյալ Նահանգները ավելի ներգրավված լինի Բերձորի ճանապարհի բացմանը։ Արդեն անցյալ կիրակի օրը հավաք տեղի ունեցավ Փարիզում, ամսի 10-ին ավելի մեծ հավաք է լինելու ու դա լինելու շարունանական»,-ասաց Սինանյանը՝ նշելով, որ տարբեր մակարդակով աշխատանքներ են իրականացնում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել