Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար
 |1lurer.am|
13:01 - 05 հունվարի, 2023

Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, նրանց հետ գործակցելու հարցերին։

«Գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը առողջական, հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով։ Կարմիր խաչի և ԱՀԿ-ի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք։ Պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր խաչն ակտիվ ներգրավված է պրոցեսների մեջ»,- հայտնեց նախարարը:

Ինչ վերաբերում է Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին, Ավանեսյանը նշեց․ «Այս պահին էլ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք ստանում են այնտեղ բուժօգնություն։ Մեր այստեղի մասնագետների հետ կոնսիլիումնեըր մշտապես իրականացվում են։ Ըստ հնարավորության ու անհրաժեշտության՝ մեր գործընկերների հետ նաև կազմակերպում ենք հնարավոր տեղափոխումները»։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել