Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
10:23 - 05 հունվարի, 2023

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ինքն ակնկալում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։

Խոսնակը չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, որը կհեռանա պաշտոնցի վաղը՝ հունվարի 5-ին։

ԱՄՆ պետքարտուղարը այս թեմայի շրջանակում միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ավելին անել՝ բացի զանգերից՝ կապված հայերի, վրացիների ու ադրբեջանցիների խնդիրների լուծման հետ, Փրայսն ասել է․ «Դե, այն, ինչ դուք մինչ օրս տեսել եք մեզանից, և՛ դեսպան Ռիքերի օրոք, և՛ նրա նախորդի օրոք, մենք համագործակցել ենք երկկողմ ձևաչափով: Մենք համագործակցել ենք համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն: Մենք համագործակցել ենք ԵԱՀԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ՝ հեշտացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու բոլոր այն հարցերի համար, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կամ բխում են դրանից: Մեր մոտեցումը չի փոխվելու։ Մեր մոտեցումը դյուրացումն է, որն օգնում է կողմերին կառուցողական ձևով միասին նստել և հասնել առաջընթացի իդեալականորեն, որն ի վերջո կհանգի համապարփակ, երկարաժամկետ լուծման»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից եւ նշել, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել