Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու
 |civilnet.am|
16:38 - 29 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: «Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են»,- դեկտեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ 2022-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին:

Նա նկատի ունենալով Կաշենի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասել է․ «Անընդունելի են Ադրբեջանի տարածքներում հարստությունների շահագործման աշխատանքները»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ իրենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ շարունակում են համապատասխանեցնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են»,- շեշտել է թուրք պաշտոնյան:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել