Պեսկովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար
14:11 - 22 դեկտեմբերի, 2022

Պեսկովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն և հանգստություն ապահովելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրատվականը հղում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին, և նշել, որ «Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ռուս խաղաղապահներն, իբր, չեն կատարում Լաչինի միջանցքում վերահսկողության հետ կապված իրենց պարտավորությունները, արվել է, չնայած միջանցքի ապաշրջափակման ռուսական կողմի ջանքերին»։ 

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»,- ասել է Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել