Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրին այդ երկրից իրենց ակնկալիքները |armenpress.am|
17:23 - 15 դեկտեմբերի, 2022

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրին այդ երկրից իրենց ակնկալիքները |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հույս հայտնեց, որ Չինաստանը կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության կարևորությունը:

Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց Չինաստանի դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ:

«Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը և կարևորագույն դերակատարություն ունի աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում: Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի պատմական բարեկամական հարաբերությունները և նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի կայնքի իրավունքի պաշտպանության կարևորագույն հարցը՝ մենք որոշել ենք մեր պատրաստած նամակը փոխանցել նաև Հայաստանում Չինաստանի ներկայացուցչին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. հատկապես սկսած 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից՝ Ադրբեջանը առավել ինտենսիվ կերպով խախտում է հայտարարության գրեթե բոլոր դրույթները:

Ըստ նրա՝ որպեսզի Արցախը կարողանա միջազգային հստակ երաշխիքներ ունենալ, անհրաժեշտ է գործարկել ՄԱԿ-ի համապատասխան գործիքակազմը, իսկ դրա համար հարցը պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և անվտանգության խորհրդի բոլոր անդամները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն:

«Այսօր մենք այստեղ ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ Արցախում այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները, և այսօր՝ ձմեռվա այս պայմաններում, 120 հազար մարդ զրկված է ջեռուցման, տաք ջրի հնարավորությունից և այլ կենսական նշանակության պայմաններից: Արցախում այս պահին դադարեցված են դպրոցների, մանկապարտեզների աշխատանքները, դժվարություններով են աշխատում հիվանդանոցները: Այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում՝ Չինաստանը»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը :

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին Չինաստանի կառավարությանը՝ օգտագործել իր հեղինակությունը և հնարավորությունները Արցախի շուրջ ստեղծված այս աղետալի հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար և սատար կանգնել Արցախի ժողովրդին:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել