Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան
15:52 - 14 դեկտեմբերի, 2022

Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին կոչ արեց մոռանալ ընդդիմության մասին։ 

Մինչ Սիմոնյանի ելույթը ՔՊ-ից որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ պետք է Ռուսաստանից պահանջել կատարել պարտականությունները․ «Իրենց նախագծի մեջ գրած էր՝ մեր աջակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,-արձագանքելով այդ ելույթներին՝ ասաց Սիմոնյանը։

«Ընդհանուր առմամբ, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր։ Այդ կարմիր գծերը մեր համար հստակ են, մենք դրա մասին խոսել ենք, և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի, թեկուզ այն բանից ելնելով, որ տեղ էլ չկա որևէ բան պարտադրելու։ Մենք դրա մասին ասել ենք, ու կարծում ենք, որ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ չի աշխատելու այդ տարբերակը»,-ասաց Սիմոնյանը։

Այնուհետև ԱԺ նախագահը որոշ արձանագրումներ կատարեց․ «Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք այն իրավունքներն են ուզում, որ Արցախի բնակչությունը ունենա, որ իրենց քաղաքացիները ունեն․ դա ո՞րն է, պատանդի կարգավիճակ ունենա՞լը, անջատված գա՞զը, ձմռան այս վիճակում հնարավարություն չունենալը՝ տաքանալու, թե բժշկական օգնություն ստանալու»։

Երկրորդը, ըստ Սիմոնյանի, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է․ «Մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք այդ միջազգային մադատի մասին։ Ինչպես նաև այստեղ նշվեց Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելությունը Արցախի տարածքում ունենալու մասին։ Սա ևս մեկ արձանագրում է, որը պետք է հնչեցնենք և այդ ուղղությամբ սկսենք շատ աշխատել»։

Անդրադառնալով ՌԴ խաղաղապահների մանդատին՝ Սիմոնյանը նշեց՝ անկախ նրանից՝ բավարարված են այդ մանդատից, թե ոչ, այս իրավիճակը ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են․ «Պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Եվրոպական Միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով են հանդես եկել․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսամ՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել