ՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. Գոնչար |armenpress.am|
13:31 - 10 դեկտեմբերի, 2022

ՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. Գոնչար |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի համագործակցության նախաձեռնությունները՝ երկկողմ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«2021 թվականի մայիսի 6-ին Սերգեյ Լավրովի ՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագիր։ Դրա դրույթներին համապատասխան՝ ընթացիկ տարվա մարտին տեղի են ունեցել կենսաբանական անվտանգության վերաբերյալ օգտակար միջգերատեսչական խորհրդակցություններ։ Հայ գործընկերներին ցուցադրվել են բժշկակենսաբանական անվտանգության ոլորտում ռուսական մշակումները։

Տեսնում ենք, որ Երևանում պատրաստ են մեծացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ ներառյալ օրենսդրական կարգավորման փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքների կատարելագործումը, կադրերի պատրաստումն ու որակավորման բարձրացումը, պատվաստանյութերի և բժշկատեխնիկական սարքավորումների համատեղ արտադրությունը»,- ասել է Գոնչարը:

Գոնչարը անդրադարձել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը ու ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։

«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:

«Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», - հավելել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում:

«Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի  ժամանակին», - հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել