Արցախը ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով  |azatutyun.am|
18:04 - 08 դեկտեմբերի, 2022

Արցախը ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախի խաղաղությունը ապահովում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, բայց քանի որ այդ ժամկետը ավարտվում է 2025 -ին, «մեզ անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ»՝ անվտանգային առումով, «Ֆրանս 24» -ին (France 24) տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է, ցեղասպանություն, էթնիկ զտում, մեզ համար տարբերություն չկա, եթե մենք պետք է թողնենք Արցախը, դա մեզ համար հավասարազոր է զոհվելուն, հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել մեր հողում, սա մեր իրավունք է հազարամայակներով վաստակած», - ասել է նա։

Ի՞նչ է ակնկալում Արցախը Ֆրանսիայից՝ խոսելով միջազգային հիմնարար երաշխիքների մասին, արդյոք Ստեփանակերտը ռուս խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո դիտարկում է միջազգային կամ կոնկրետ Ֆրանսիայի խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արայիկ Հարությունյանի հետ Ֆրանսիայում գտնվող Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ ցանկանում են, որ ՄԱԿ -ի Անվտանագության խորհուրդը (ԱԽ) ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով։

«Ուղղակի միջազգային երաշխիքների տակ հասկանում եք՝ լավագույն տարբերակն այն է, որ նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը», - նշեց նախարարի պաշտոնակատարը:

Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ սա չի նշանակում, որ Արևմուտքը պետք է ձեռքերը լվանա, նա կարող է այլ լծակներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելով, քանի որ Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել. «Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի, անպայման չէ, որ խաղաղապահների միջոցով գան, ուրիշ տարբերակ չկա՞ Արցախին օգնելու, սատարելու»:

Հարցին, թե ֆրանսիացի սենատորների հետ հանդիպումներում ինչ մեսիջներ են հղել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հենց այդ մեսիջները, որ Արցախը վտանգված է, որ քաղաքակիրթ աշխարհը ճիշտ չէ, որ անտարբեր կամ ընդհանրապես պասիվ լինի»:

Արցախի հիմնախնդիրից բացի, Արայիկ Հարությունյանը «Ֆրանս 24»-ի եթերում խոսել է նաև Հայաստանին սպառնացող վտանգի մասին։ Պատասխանելով ֆրանսիացի լրագրողին հարցին, որ եթե Լեռնային Ղարաբաղն այլևս չլինի, արդյոք հաջորդ փուլում Ադրբեջանի տեսադաշտում Հայաստա՞նն է լինելու, Արայիկ Հարությունյանն ասել է. «Միանշանակ, Ադրբեջանը և Թուրքիան չեն էլ թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի, Զանգեզուրի նկատմամբ տրանսպորտային կապի անվան տակ՝ մեկ-մեկ դա անվանելով միջանցք... իհարկե, նպատակը հասկանում ենք, Արցախով չի ավարտվելու, և Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդն է վտանգված։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, և դա դրա վառ ապացույցն է»։

Արտգործնախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում, Սենատում, Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև նաև Փարիզի քաղաքապետի, հայ համյանքի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական հրավեր որպես այդպիսին չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել