Ադրբեջանին ուղղված ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի. Մենենդես
 |armtimes.com|
11:29 - 17 նոյեմբերի, 2022

Ադրբեջանին ուղղված ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի. Մենենդես |armtimes.com|

armtimes.com: «Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում աջակցությունն Ադրբեջանին։

Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ:

Ինչո՞ւ Վաշինգտոնը չի փոխել վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո»։

Այս հարցերը երեկ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ուղղում էին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներին՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Դեմոկրատ Բոբ Մենենդեսը պաշտոնյաներին նախ հարց է ուղղել, թե Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ տեսակի աջակցության տրամադրումը Բաքվի վարչակազմին։

«Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը։ Միայն այս տարի Պետդեպարտամենտը 600 հազար դոլար է խնդրել՝ Ադրբեջանին ռազմական կրթության ու վարժանքների հարցում աջակցելու համար։ Ես դեմ եմ որևէ աջակցության մի բանակի , որը հայտնի է հարևան երկրի հանդեպ հարձակումներով և պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, այդ օգնությանը Պետդեպարտամենտում հավանություն տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված վերջին՝ սեպտեմբերյան հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ», -ասել է Մենենդեը:

Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ  որոշումը կայացնելիս մանրամասնորեն քննարկել են  բոլոր փաստերը և համոզված են, որ Ադրբեջանին տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ։

Հիշեցնենք՝ 907-րդ  բանաձևն ընդունվել էր 1992 թվականին, 10 տարի անց սակայն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Կոնգրեսը հնարավորություն տվեց նախագահներին ամեն տարի կասեցնել այդ դրույթը՝ ի շահ Ամերիկայի ազգային անվտանգության։ Գործող նախագահ Ջո Բայդենը նախընտրական շրջանում խոստացել էր հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն երկրորդ տարին է՝ նա ևս շրջանցում է արգելանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել