«Ձկան գործ» անվանումով հայտնի քրգործի շրջանակում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ Արցախի դատախազություն
15:14 - 29 հոկտեմբերի, 2022

«Ձկան գործ» անվանումով հայտնի քրգործի շրջանակում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ Արցախի դատախազություն

2021 թ. մարտի 5-ին հարուցվել և առ այսօր Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվում է հանրությանը «Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործը, որով իրականացված նախաքննության ընթացքում «Պարգև» ՍՊ ընկերության կողմից դեռևս 2021 թ. պետական բյուջե էր վերադարձվել ավելի քան 160 000000 դրամ գումար: Այս մասին ասվում է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:
 
«Վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Պարգև» ՍՊ ընկերության կողմից պետական բյուջե վճարված գումարը նշված ընկերությանը հատկացվել էր պետության կողմից:
 
Թեև դատախազությունը օժտված չէ քննվող քրեական գործերով վեր հանված վնասը տարբեր սուբյեկտների կողմից վերականգնելիս վճարվող գումարի ծագման աղբյուրին հետևելու լիազորությամբ, այդուհանդերձ, հիշյալ հայտարարություններից հետո կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը «Ձկան գործով» վնասի հատուցման համար որևէ գումար չի փոխանցվել, փոխհատուցում կամ անհատույց դրամական միջոց չի տրվել:
 
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ստացված գրավոր տեղեկության համաձայն՝ 2021 թ. հիշյալ հիմնադրամի կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը տրվել էր փոխառություն այդ պահին գործող տոկոսադրույքով, որը ներկա դրությամբ փոխառուի կողմից ամբողջությամբ մարված է, վճարված է նաև հաշվարկված 3 655 383 դրամի չափով տոկոսագումարը:
 
Ինչ վերաբերում է հիշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության օբյեկտիվությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործով նախաքննական մարմինն իրականացրել է դեպքի հանգամանքների բազմակողմանի և մանրակրկիտ քննություն, որի արդյունքում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք, դրանց կապակցությամբ նույնպես հարուցվել են քրեական գործեր, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նաև նշված քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված ավելի քան 8 000 000 դրամի չափով գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել