Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
17:58 - 27 հոկտեմբերի, 2022

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբերի 27-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նիստի աշախատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել հայտարարություններով: «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից:

Հաջորդ հայտարարությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին  արտահերթ նիստի հրավիրմանը և Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային նվիրված հանրահավաքի կազմակերպմանը: «Ազգային ժողովի արտահերթ նիստի կազմակերպիչը  Ազգային ժողովի նախագահն է՝ խորհրդարանի խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը  արցախցին է, ով մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով: Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում, - ընդգծել  է   ԱԺ նախագահը»:

 Այնուհետև նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է  նիստի աշխատանքներին:

Օրակարգի առաջին հարցը ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը:

Հաղորդումը բաղկացած է 3 մասից, առաջինը և երկրորդը բյուջեի հաշվետվությունների վերաբերյալ է, երրորդը՝ ստուգումների արդյունքների վերլուծությունն է: Ընդգրկվել են 2018-2021 թթ բյուջետային տարիները, իրականացվել են 4 ծրագրեր, կազմվել է 25 հաշվետվություն: Ավելի քան 40 մլն դրամի խեղաթյուրում, ավելի քան 103 մլն-ի անհամապատասխանություն են հայտնաբերել: Դրանց մեծ մասը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է առնչվել:

Հաղորդմանն առնչվող հարցերին պալատի նախագահը տվել է պարզաբանումներ:

Հաջորդիվ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հարցերն էին:

Նիստին ներկայացված օրենքների նախագծերը նախապես արժանացել էին գլխադասային հանձնաժողովների հավանությանը:

 ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը տվել է 30 կողմ քվե:

«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը 32 կողմ ձայնով ընդունվել են որպես օրենքներ:

««Լիցենզավորման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է 29 կողմ ձայնով:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը 30 կողմ ձայնով ընդունվել է 1-ին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից  1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

Նիստն ավարտվել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի և Դավիթ Գալստյանի հայտարարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել