Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ անհասկանալի է, թե ով է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարությունների հասցեատերը
22:26 - 23 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ անհասկանալի է, թե ով է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարությունների հասցեատերը

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարություններին։ ԱԳՆ խոսնակը նշել է՝ անհասկանալի է, թե ով է այդ հայտարարությունների հասցեատերը, և պնդել, որ հայ-ադրբեջանական սահմանների հարցը պետք է լուծվի «առանց արտաքին միջամտության»։ Այս մասին հայտնում է trend.az-ը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու համատեքստում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Նման հայտարարություն է արել նաև Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Ադրբեջանի ԱԳՆ խոնսակ Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, այդ թվում՝ Իրանի հետ սահմանի 132 կիլոմետրը ուժի կիրառմամբ օկուպացնելու համար»։ 

«30 տարի շարունակ իրանական կողմը որևէ վերաբերմունք չի արտահայտել սահմանների բռնի փոփոխությանը։ Անհասկանալի է, թե ով է Իրանի հնչեցրած այնպիսի հայտարարությունների հասցեատերը, ինչպիսին է «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։ Ինչպես գիտեք, Մոսկվայում և Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ձևաչափեր կան, այս ձևաչափերով բանակցությունները շարունակվում են։ Այս ձևաչափերով բանակցությունների շրջանակում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվել է սահմանազատման պետական ​​հանձնաժողով և համաձայնեցվել նրա կազմը։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվի առանց արտաքին միջամտության»,- հայտարարել է Աբդուլաևան։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները նաև նշել են, Սյունիքը (Ադրբեջանի բնորոշմամբ՝ Զանգեզուրի միջանցք) իրանցի պաշտոնյաների կողմից ընկալվում է որպես իրանա-հայկական սահմանը հատող, և հարցրել, թե արդյո՞ք դա քննարկվել է իրանական կողմի հետ շփումների ժամանակ։

«Ադրբեջանական կողմը Իրանի հետ սահմանները դիտարկում է որպես առևտրի և համագործակցության հետագա զարգացման հնարավորություն։ Հայկական օկուպացիայի հետևանքով երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել էր ոչ միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, որը Ադրբեջանի անբաժանելի մաս է, այլև Իրանի։ 2022 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հանձնաժողովի շրջանակում տարածաշրջանում կոմունիկացիաների բացման և վերականգնման քննարկումները շարունակվում են։ Դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական  գոտին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի տարածքով կապելու համար ենթակառուցվածքներ ստեղծելու մասին։ Երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ Զանգելանի շրջանում կայացել է ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողություն։ Ներկայացնել, որ Զանգեզուրի միջանցքը հատում է Իրանի և Հայաստանի սահմանը, իրականությունից հեռու է։ Ընդհակառակը, Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, որն էլ ավելի է խորացնում մեր երկրների միջև կապերը և խոստանում տարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել