Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։
Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։
Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
comment.count (0)