Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին
18:19 - 19 ապրիլի, 2022

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ պաշտոնական մեկնակետը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ – խմբ․)։ Այդ օրվանից մենք աշխատել ենք, աշխատել է արտգործնախարարությունը, իմ աշխատակազմը կապի մեջ է եղել ձեր թիմի հետ, և, ինչպես պայմանավորվել ենք, մենք պատրաստ ենք մեկնարկին», - ասել է Ալիևը։

Interfax.az-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ առաջարկներին՝ նա ասել է․

«Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի համապատասխան հայտարարություններն այս առնչությամբ։ Այժմ եկել է ժամանակը, որ երկու կողմերն ապացուցեն իրենց [մտադրությունների] լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ»։

Ալիևն ասել է, որ Բաքուն մեծ հույսեր է կապում Եվրամիության, հատկապես՝ դրա նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, «որն արդեն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին»։

«Նա արդեն լավ ծանոթ է գործընթացին։ Կարծում եմ՝ սա շատ խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել