Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ սույն թվականի մարտի 8-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:
«Ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:
Այս պահին ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար:
Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)