44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով երեք քրգործ կա, 24 մեղադրյալ |azatutyun.am|
10:50 - 23 փետրվարի, 2022

44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով երեք քրգործ կա, 24 մեղադրյալ |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով հարուցված երեք քրեական գործ կա, երկուսն արդեն դատարանում են։ Գլխավոր դատախազության տվյալներով, այս պահին մեղադրյալները 24-ն են։

Մեղադրյալների շարքում բարձրաստիճան սպաներ չկան, փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատական նիստերն անցնում են դռնփակ։

«Գործը դատարանում է, ընթանում է դատական քննություն, իհարկե դռնփակ է իրականացվում, որովհետև առանչվում են այն հանգամանքներին, որոնք պետական գաղտնիքի են նաև վերաբերում», - ասաց Աբրահամյանը։

Դատարան ուղարկված առաջին քրեական գործով անցնում են վանաձորցի երիտասարդ ամուսիններ։ Ըստ մեղադրական եզրակացության, նախկին զինվորական տղամարդը կնոջ օժանդակությամբ, լրտեսության միջոցով հավաքել է պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ ու դրանք հանձնել օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին։ Կինն էլ մեղադրվում է ամուսնուն օժանդակելու համար։

Երկրորդ քրեական գործով անցնող երկու մեղադրյալները սերտ կապեր են ունեցել զինված ուժերի ներկայացուցիչների հետ, նշում է գլխավոր դատախազի խորհրդականը։

«Սերտ կապեր ունեին զինված ուժերի հետ, որոնց հավաքագրել էին Թուրքիա այցելության ժամանակ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, և դրա շրջանակներում բավականին մեծաքանակ տեղեկություններ էին տրամադրվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին, այդ թվում՝ նաև կոնկրետ ռազմաճակատում կոնկրետ հայկական դիրքերի տեղաբաշխման, զորամիավորումների քանակի, տեխնիկայի քանակի, տեղաբաշխումների վերաբերյալ, որոնց հիման վրա նաև իրականացվել էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործողություններ, որոնց հետևանքով և՛ մարդկային կորուստներ էինք ունեցել, և՛ նաև տեխնիկայի լուրջ կորուստներ էինք ունեցել», - ասաց Գոռ Աբրահամյանը։

Երրորդ՝ լրտեսության ամենաաղմկահարույց գործում 20 մեղադրյալ կա, նրանցից 14-ը կալանավորված է, մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել։

ԱԱԾ հրապարակած տեսանյութերում որպես ապացույց են ներկայացվում մեղադրյալների հեռախոսներից վերցված զորամասերի, դիրքերի տարբեր նկարներն ու տեսանյութերը, գումարի փոխանցման ստացականներ։

Օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչները կանանց անունով համացանցում կեղծ հաշիվներ են բացել, այդպես կապ հաստատել հայ զինվորականների հետ։ Մեղադրյալներն ունեն հանրային պաշտպաններ, որոնք դեռևս մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։

Այս գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդեց, որ ադրբեջանական հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, որոնք էլ գումարի դիմաց փոխանցել են օտարերկրյա հետախուզությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել