Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը
19:56 - 22 փետրվարի, 2022

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։ 

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։

Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։

Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք»,- ասված է հայտարարության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել