Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|
22:42 - 18 փետրվարի, 2022

Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ Վաշինգտոնի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կխոսի Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամի վերաբերյալ նոր տվյալների մասին։ Այդ մասին նշվում է երկրի նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորակազմի ավելացման մասին»,- նշվում է Սպիտակ տան ղեկավարի աշխատանքային օրակարգում։ 

Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների հետ, որի շրջանակներում ևս առանցքային թեման կլինի Ուկրաինան։ Այդ երկրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախորդ ելույթը կայացել էր երեքշաբթի՝ փետրվարի 15-ին Սպիտակ տանը։

Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին»,  հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել