Կոպիտ հաշվարկներով 40 կոռումպացված դատավոր կա, շատերը սկսել են ինքնաբացահայտվել․ նախարար |azatutyun.am|
14:17 - 15 փետրվարի, 2022

Կոպիտ հաշվարկներով 40 կոռումպացված դատավոր կա, շատերը սկսել են ինքնաբացահայտվել․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նկատելով՝ շատ դատավորներ սկսել են ինքնաբացահայտվել՝ որոշակի քաղաքական ակցիաներով, ակտիվությամբ, մեկը մյուսին պաշտպանելով։

«Ինչ-որ կլանային զգացողություններ կան։ Օրինակ 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում 93-ն էլ կոռումպացված են, բայց տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4-5-ն էն 30-ից հայտնվել», - ասաց նախարարը։

2018-ի հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա՝ առաջինը Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Միջազգային իրավական փորձում վեթինգը ենթադրում է անձի կենսագրության ուսումնասիրություն։ Անցումային արդարադատության շրջանում վեթինգի միջոցով ստուգվում են դատավորների ու այլ պաշտոնյաների գործունեությունը։

Դատական համակարգը զտելու, վեթինգի մասին հաճախ է խոսում վեց ամիս առաջ նախարար նշանակված Անդրեասյանը՝ նշանակման առաջին օրերից հայտարարելով՝ վեթինգը սկսվել է։

Նախարարն «Ազատության» հետ զրույցում խոստացավ՝ վեթինգը Հայաստանում կվերջանա մեկ տարվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) լինի իր բարձունքում։

«Մոռացել եմ իմ ասած 40 դատավորներին, իմ հիշողությունները, հիմա ես առաջնորդվում եմ մի սկզբունքով, ինձ եկավ բողոք ցանկացած քաղաքացուց՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, Պողոս Պողոսյան դատավորի դեմ, ես նայում եմ խախտում արել է, ապօրինություն արել է, չի արել, տանում եմ ԲԴԽ։ Ես էսօր գործիք ունեմ, էդ գործիքն արդար ձևով աշխատացնելու շանս կա։ Ես տարա ԲԴԽ, այստեղ մեզ մնում է վերջին շանսը՝ ԲԴԽ-ն լավը լինի, եթե Բարձրագույն դատական խորհուրդը լինի իր բարձունքի վրա, ապա ես ձեզ խոստանում եմ, մեկ տարվա ընթացքում վեթինգը Հայաստանում կվերջանա և կլինի էնպիսի դատական համակարգ, ինչպիսին դուք ուզում եք», -ասաց Անդրեասյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ ԲԴԽ-ն միշտ չէ, որ իր բարձունքում է։

«Դրա համար նաև ձգձգվում է այդ վեթինգը, կամ էդ մաքրումը, զտումը, որի մասին մենք բոլորս երազել ենք։ ԲԴԽ-ից լինում են նաև ներքին արդարացումներ, որ ձայների շեմը շատ բարձր է։ Էստեղ գնում ես հանդիպում ես կլանի, ճանապարհդ փոխում ես, էստեղ փորձում ես լուծում գտնել, էստեղ եվրոպական կառույցներն են դիմադրում, հետ ես գալիս, գնում ես մյուս տեղը։ Մենք անընդհատ պայքարի մեջ ենք», - եզրափակեց արդարադատության նախարարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել