Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|
10:27 - 31 հունվարի, 2022

Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու կառաջադրի նախագահի պաշտոնում, թե ոչ, դեռ որոշում չունի։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց՝ այս փուլում հարցի շուրջ նույնիսկ քննարկում չկա։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց՝ երբ պաշտոնապես հաստատվի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, հարցը կքննարկեն նաև «Հայաստան» խմբակցության հետ, հետո որոշում կկայացնեն՝ առհասարակ թեկնածու ունենալու են, թե ոչ՝ բացառելով՝ իշխող կուսակցության թեկնածուին սատարելու հարցը։

Հարցին, թե այստեղ ռիսկեր տեսնո՞ւմ է, օրինակ, ժողովրդավարության, օրենքների սահմանադրականությունը ստուգելու, ճշտելու կամ հակակշիռների առումով, որովհետև ստացվելու է, որ նախագահը, վարչապետը, իշխող խմբակցությունը բոլորը նույն կուսակցությունից են, Վանեցյանը պատասխանեց․ - «Ժողովրդավարության առումով նախագահի պոստը չէ, որ պետք է էդ ժողովրդավարական զարգացումների հարցը լուծի։ Մենք տեսել ենք, որ գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, իրենք անում են այն, ինչ ուզում են։ Ինչ վերաբերում է նախագահը կլինի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, թե ոչ, իրականում որևէ բան չի փոխվի։

Ես ասել եմ ու շարունակում եմ պնդել, որ այս իշխանության գլուխը Նիկոլ Փաշինյանն է և բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան նախարարներ, այլ պաշտոնյաներ, ամբողջը կառավարվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունում բոլոր որոշումները կայացվում են անձամբ նրա կողմից, որևէ առարկայական, բովանդակային քննարկում այս իշխանությունները չեն ունենում։ Կա Նիկոլ Փաշինյան, կա նրա կարծիք և նրա որոշում, վերջ»։

Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել