ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:
ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներին, որոնք այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն ՀՀ-ում կամ Արցախի Հանրապետությունում։ Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝
1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ
2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող այդ 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Այլ առանձնահատկությունները կսահմանվեն հուշագրով:
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետությունում գտնվող անչափահաս 3000 երեխաներ կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարտավոր է 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել նշված գումարի փոխըմբռնման հուշագիր եւ ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:
Իսկ ֆինանսների նախարարը գումարի մուտքագրման համար պետք է ապահովի ՀՀ գանձապետարանում հաշվի բացումը։
comment.count (0)