Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով
10:25 - 15 նոյեմբերի, 2021

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով:

«Մտահոգված ենք այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- գրել է Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում։

Երեկ՝ նոյեմբերի 14-ի կեսօրին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանական կողմը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել, իսկ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Արդեն երեկոյան ՊՆ-ից հայտնեցին, որ իրավիճակը կայունացել է, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։

Այնուամենայնիվ, երեկ ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ Ադրբեջանը առաջխաղացում ունի ՀՀ հարավարևելյան սահմանին՝ Սյունիքի մարզում։ Այս տեղեկությունները ևս հերքվեցին ՊՆ կողմից։ Արդեն ուշ երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ «նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ»՝ հավելելով, որ «այկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել