Թեհրանը հայտարարել է Բաքվի հետ «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին |hetq.am|
18:06 - 07 նոյեմբերի, 2021

Թեհրանը հայտարարել է Բաքվի հետ «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին |hetq.am|

hetq.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Ըստ իրանական կողմի՝  երկրի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Աբդոլահյանը նշել է, որ դրան հնարավոր է եղել հասնել «երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ»։ Իրանցի նախարարն ընդգծել է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների կարևորությունը։ «Մի շարք հարցերի սխալ մեկնաբանության հետ մեկտեղ, որոնք վերջին շրջանում տեղ ունեին երկկողմ հարաբերություններում, արձանագրվել են մի շարք շրջանակների փորձեր՝ վնաս հասցնելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերին։ Երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ հարցը լուծվել է։ Մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունը՝ ի շահ Իրանի և Ադրբեջանի»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում «3+3» նախաձեռնությանն ու այդ շրջանակներում երկխոսության և համագործակցության ձևաչափին։ «Բոլոր տարաձայնությունները և ճգնաժամերը պետք է լուծվեն մեխանիզմների հիման վրա, որոնք մշակվում են տարածաշրջանի ներսում»,- նշել է Աբդոլահյանը։

Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել թույլ չտալ վնաս հասցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններին։ Նա նշել է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի երկու երկրների բարեկամության ավանդույթների հաշվին։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է Թեհրանի հետ գործընկերության։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել