Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|
23:10 - 01 նոյեմբերի, 2021

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին:

«Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ:

«Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:

Առավել մանրամասն՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել