Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին
17:58 - 15 սեպտեմբերի, 2021

Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու մինչեւ հիմա անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվող առանձին հանձնաժողով չի ստեղծվել, եւ մի՞թե Անկախության տոնը նշելու ավելի ընդունելի ձեւ չկար, քան փայտով, գունագեղ միջոցառմամբ զոհերի ծնողների սիրտը փորփրելն էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի ընթացքում ասաց, որ ինքն անձամբ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց այդ հանդիպումները չեն լուսաբանել․ 

«Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում, եւ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ անց մենք լուր չունենք գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների մասին։ Իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դրանում է, որ լուր չունենալով պատճառով մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ․ «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք, տոնական չէ, բայց կա այլ խնդիր․ մեր Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե այդ միջոցառումը անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով․․․ Տեսեք, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, եւ ես չեմ կարծում, որ մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ես ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։ 

Փաշինյանը հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության եւ Արցախյան երեք պատերազմներում եւ ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկումներ են իրականացնում շուրջ վեց ամիս։

Ներողություն խնդրելով նաեւ Գեղամ Նազարյանից, Փաշինյանը մի փաստ արձանագրեց․ «ՀՀ-ի անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, երբ չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում․ «Դիլեման հետեւյալն է․ արդյոք մենք պիտի ընդգծենք Հայաստանի Անկախության տարեդարձը։ Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ, իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։ Կարծում եմ՝ սա պիտի լինի էն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք ունեցել ենք»։

Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ Անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով․ «Մեր տղերքը սիրում էին էս երկիրը, սիրում են, զոհվել են էս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք, փոխվենք՝ յուրաքանչյուրս։ Էդ տղերքին հանգիստ թողեք, նարնց հոգիները հիմա մեզ են նայում, հետո մեր դատավորներն են լինելու։ Մի օգտագործեք զոհերի անունները, ուղղակի եկեք զբաղվենք տղերքի ծնողների հարցերով։ Դեռ ուշ չէ, եկեք՝ քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձեւաչափը, որ հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- ասաց Նազարյանը։

Միջոցառումն ի սկզբանե հենց այդ տրամաբանությամբ է նախատեսված եղել, եւ միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»։ Վերջինը Թումանյանի բանաստեղծության վերնագիրն է, որ գրվել է 1915-ին․ «Եթե հիշենք բանաստեղծության բովանդակությունը, մեր այսօրվա մոտեցումը լիարժեք կամ չգիտեմ՝ ինչքանով հաջող փորձ է անում հենց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում։ Բանաստեղծության առաջին տունն ավարտվում է՝ «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», հետո՝ «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հետո՝ «լույսի հայրենիք, հույսի հայրենիք», հետո՝ «իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում, եւ մեր խոնարհումն ու հարգանքը պիտի արտահայտվի այնպես, որ մենք պետք է փոխենք էն տրամաբանությունը, որով ընկալում ենք մեզ, մեր երկիրը, մեր անելիքը, մեր պարտավորությունները՝ մեր նահատակների առաջ»,- ասաց Փաշինյանը եւ կարդաց Թումանյանի բանաստեղծության նախավերջին տունը․

«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
               Հույսի՜ հայրենիք,
                  Լույսի՜ հայրենիք»։

 

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել