ՊԵԿ նախագահը՝ Սպայկայի հարկային պարտավորությունների մասին |lragir.am|

09:47 - 11 ապրիլի, 2019

lragir.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Սպայկա ընկերության դեմ հարուցված քրեական գործին: Հարցին, որ վարչապետը ակնարկեց, որ Սպայկայի չվճարած հարկերը կարող են ավելանալ և ընդհուպ հասնել անգամ 30-40 մլրդ դրամի, Անանյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելն այս դեպքում ճիշտ չէ:

«Ուղղակի զրույցի ժամանակ վարչապետն ասաց՝ 7, 14, 30, ինքը թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ 7 մլրդ-ը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: Բայց նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման գործընթացում են: Այդ հաշվարկների արդյունքը ևս կտեղեկացվի»,- ասաց նա: Անանյանն ասաց, որ ոչ միայն չի բացառում, այլ նաև կարծում է, որ ընկերության կողմից չվճարված 7 մլրդ դրամ հարկերի թիվը աճելու է: ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պնդումներին, թե ընկերության նկատմամբ այսպիսով հետապնդում է իրականացվում: «Ոչ, տնօրենի կարծիքով դա հետապնդում չէ: Տեսեք՝ այստեղ շատ կարևոր բան կա:

ՊԵԿ նախագահը կամ վարչապետն այս պահին այդքան էլ իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնելու, որովհետը արդեն իրավական գործընթաց է գնում: Այստեղ ամենակարևոր մարդը քննություն իրականացնող քննիչն է: Եթե քննիչն ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի՝ ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքն այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան, դատարանը այդպիսի որոշում է կայացրել, այսինքն՝ իրավական գործընթաց է գնում: Իսկ չիրավական գործընթացի վերաբերյալ ՊԵԿ նախագահը կամ վարչապետը որևէ գնահատական չեն կարող տալ»,- նշեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել