Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական
17:13 - 22 մայիսի, 2021

Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ: 
 
«2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն.Մ.-ն՝ (ծնված 21.09.2002 թ., զորակոչված 2021 թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:
 
Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։
 
Ն.Մ.-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:
 
Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
 
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:
 
Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»,- ասված է գրառման մեջ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել